Հոդված 6. Կասկածելի գործարար հարաբերությունը կամ գործարքը
Հոդված 6. Կասկածելի գործարար հարաբերությունը կամ գործարքը
1. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում՝ դրանց կատարման փորձը պետք է որակվի որպես կասկածելի և դրա մասին սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունն անմիջապես տրամադրվի լիազոր մարմնին՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերի կամ չափանիշների հայտնաբերման դեպքում: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերը կամ չափանիշները սահմանվում են սույն օրենքով, լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով, հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով:
2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը պետք է համարվի կասկածելի՝ անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթից, եթե կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գործարար հարաբերությունում կամ գործարքում ներգրավված են այնպիսի ֆինանսական միջոցներ կամ այլ գույք, որոնք կապված են, կամ առկա է մտադրություն դրանք օգտագործել ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից՝ ահաբեկչական նպատակներով:
3. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է համարվել կասկածելի, եթե`
1) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձին (ներդրումային ֆոնդին) առաջարկում է կնքել (հաստատել) կամ նրա հետ կնքում (հաստատում) է այնպիսի գործարք (գործարար հարաբերություն), որը թեկուզև համապատասխանում է օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, սակայն տվյալ գործարքով (գործարար հարաբերությամբ) հնարավոր չէ պարզել հաճախորդի ինքնությունը կամ ստանալ տվյալ գործարքի (գործարար հարաբերության) կնքման կամ իրականացման համար հաշվետվություն տրամադրող անձի համար օրենքով նախատեսված տեղեկություններ.
2) գործարքի (գործարար հարաբերության) պայմանները չեն համապատասխանում հաճախորդի գործարար բնութագրին, ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում սովորաբար կնքվող նման գործարքների (գործարար հարաբերությունների) պայմաններին կամ գործարար շրջանառության սովորույթներին.
3) հաշվետվություն տրամադրող անձի համար պարզ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքը (գործարար հարաբերությունը) ակնհայտորեն տնտեսական կամ իրավաչափ նպատակ չի հետապնդում.
4) ըստ իր կատարման տրամաբանության և շարժի (դինամիկայի)` գործարքը (գործարար հարաբերությունը) համապատասխանում է միջազգային լավագույն փորձով և լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով սահմանված տիպաբանություններին.
5) հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքի (գործարքների) արժեքը չի գերազանցում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման և սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված նույնականացման համար անհրաժեշտ սահմանաչափը միայն այն պատճառով, որ հաճախորդը ցանկանում է խուսափել հաշվետվություն տրամադրող անձի կողմից այդ գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրումից կամ նույնականացումից.
6) ֆինանսական հաստատությունների համար՝ ֆիզիկական անձը, որը փոխկապակցված է որևէ իրավաբանական անձի հետ, իր անունից այլ իրավաբանական անձի փոխանցում (տրամադրում) է գումարներ, որն ակնհայտորեն իրականացվում է այդ իրավաբանական անձանց միջև պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով կամ այդ իրավաբանական անձանց միջև այլ կերպ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:
4. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին նաև այն դեպքերում, երբ այդ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում սույն օրենքով, լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով, հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից, սակայն դրա կատարման տրամաբանությունը և շարժը (դինամիկան) հիմք են տալիս ենթադրելու, որ այն իրականացվում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
5. Լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով կարող են սահմանվել գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու` սույն հոդվածի 4-րդ մասով չնշված այլ հիմքեր, ինչպես նաև կասկածելի գործարքի հիմքերը որոշելու այլ չափանիշներ:
6. Հաշվետվություն տրամադրող անձն իր ներքին իրավական ակտերով կարող է սահմանել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերն ու դրանց որոշման չափանիշները:
7. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները (գործարար հարաբերությունները) կարող են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիտարկվել որպես կասկածելի գործարք (գործարար հարաբերություն) և դրանց մասին հաշվետվություն ներկայացվել լիազոր մարմին:
(6-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-284-Ն)