Հոդված 8. Գործարքների (գործարար հարաբերությունների) լրացուցիչ դիտանցումը, այդ թվում՝ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման դեպքում
Հոդված 8. Գործարքների (գործարար հարաբերությունների) լրացուցիչ դիտանցումը, այդ թվում՝ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման դեպքում
1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լրացուցիչ դիտանցում իրականացնել բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքների (գործարար հարաբերությունների) նկատմամբ, ինչպես նաև անսովոր պայմաններով գործարքների (գործարար հարաբերությունների) նկատմամբ, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն:
2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է գործարար հարաբերությունը դադարեցնելուց կամ գործարքը կատարելուց հետո առնվազն 5 տարի, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում ավելի երկար ժամկետով պահպանի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների (գործարար հարաբերությունների) տվյալները և դրանք լիազոր մարմնի հարցման հիման վրա տրամադրի նրան, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
3. Ֆինանսական հաստատությունը պետք է իր ներքին իրավական ակտերով նախատեսի և կիրառի նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին հակազդելու համապատասխան միջոցներ: Ֆինանսական հաստատությունը պետք է հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելիս կամ ընթացիկ ուսումնասիրություն իրականացնելիս իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով նախատեսի առանց առերես շփման գործարար հարաբերությունների կամ գործարքների հետ պայմանավորված բոլոր ռիսկերի կանխարգելման մեխանիզմները: