Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-11-24-ից մինչև 2023-04-03։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 11 · ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Հոդված 60. Բեռի փոխադրման փաստաթղթերը

գործել է մինչև 2023-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 60. Բեռի փոխադրման փաստաթղթերը

1. Բեռի, սույն օրենքի իմաստով՝ տվյալ օդանավով փոխադրվող ցանկացած գույքի, բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, փոխադրման նպատակով բեռ առաքողը լրացնում և փոխադրողին է հանձնում բեռի վերաբերյալ փաստաթուղթ՝ տրանսպորտային բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր):

2. Բեռնագրի բացակայությունը, սխալ լրացնելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է սույն օրենքի 64-րդ հոդվածից բխող բացառությունների հետ համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին:

3. Բեռնագիրը կազմվում է բեռ առաքողի կողմից առնվազն երեք օրինակից և հանձնվում է բեռի հետ: Առաջին օրինակը կրում է «փոխադրողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի կողմից: Երկրորդ օրինակը կրում է «բեռն առաքողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի ու փոխադրողի կողմից և ուղեկցում է բեռը: Երրորդ օրինակն ստորագրվում է փոխադրողի կողմից և բեռն ընդունելուց հետո նրա կողմից հանձնվում է բեռն առաքողին:

4. Փոխադրողը ստորագրում է բեռնագիրը նախքան բեռի օդանավ բարձելը:

5. Եթե բեռն առաքողի պահանջով բեռնագիրը կազմել է փոխադրողը, ապա համարվում է, որ նա արել է այդ բանը բեռն առաքողի անունից, եթե հակառակը չի ապացուցված:

6. Եթե փոխադրումն ընդգրկում է մեկից ավելի տեղերով բեռներ, ապա փոխադրողը կարող է բեռն առաքողից պահանջել կազմելու առանձին բեռնագրեր:

7. Բեռնագրում՝

1) նշվում են մեկնման վայրը և նպատակակետը.

2) եթե մեկնման վայրը և նպատակակետը գտնվում են միևնույն պետության տարածքում և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.

3) տրվում է ծանուցում առ այն, որ Մոնրեալի կոնվենցիան և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ կոնվենցիան կամ օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունը բեռի կորստի, փչացման կամ վնասման դեպքում:

8. Եթե փոխադրողի համաձայնությամբ բեռը բարձվել է օդանավ՝ առանց բեռնագիր կազմելու, կամ եթե բեռնագիրը չի ընդգրկում սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահելու սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:

9. Բեռնագիրը հանդիսանում է բեռի ընդունման և փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն:

10. Բեռնագրում նշված բեռի քաշին, չափերին, տեղերի քանակին և փաթեթավորմանը վերաբերող տվյալները համարվում են հավաստի: Միաժամանակ բեռնագրում նշված այլ նշումները, որոնք վերաբերում են բեռի քանակին, ծավալին և վիճակին, չեն կարող ծառայել որպես ապացույց ընդդեմ փոխադրողի, բացառությամբ այն դեպքերի, եթե նա բեռն առաքողի ներկայությամբ ստուգել է տեղեկությունները և հաստատել է այդ փաստը բեռնագրում, կամ եթե նշումները վերաբերում են բեռի արտաքին վիճակին:

11. Բեռն առաքողը փոխհատուցում է իր կողմից բեռնագրում զետեղված բեռի մասին սխալ, ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների պատճառով փոխադրողի կամ ցանկացած այլ անձի կողմից կրած վնասները, որի առջև փոխադրողը պատասխանատվություն է կրում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։