Հոդված 10
Հոդված 10
1. Սույն համաձայնագրի իրագործման նպատակով՝ ապրանքների հայտարարագրում և ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքի բացթողման մասին դիմումի մեջ, որոնց համապատասխան հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերում, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերում պետք է նշվեն տեղեկություններ հետագծելիության իրականացման նպատակով գործածվող ապրանքների չափման քանակական միավորների և հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ միավորներով արտահայտված քանակության մասին: Այդ տեղեկությունները նշվում են ապրանքների հայտարարագրերում և մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ՝ Հանձնաժողովի կողմից ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման համար սահմանված կարգով, իսկ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերում և ուղեկցող փաստաթղթերում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով։
2. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել հետագծելիության և (կամ) հետագծելիության մեխանիզմի գործունեության առանձնահատկություններ այն դեպքերի համար, երբ հետագծելիության ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում էր Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և (կամ) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված առանձնահատկություններով կամ այդ ապրանքները բաց էին թողնվում մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։
3. Հետագծելիության ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս տարանցիկ հայտարարագրում նշվում են ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը և ամսաթիվը։
Այդ ապրանքների մասին տեղեկությունները սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետում նշված կազմով ներառվում են Հայաստանի Հանրապետության հետագծելիության ազգային համակարգում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք դրանց տեղափոխման պահը և ուղարկվում են այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգեր՝ սույն համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով։
Ուղեկցող փաստաթղթի գրանցման համարի և ամսաթվի մասին տեղեկությունները նշվում են տարանցման հայտարարագրում՝ տարանցման հայտարարագիրը լրացնելու համար Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։