Հոդված 2
Հոդված 2
1. Սույն համաձայնագրով սահմանվում է հետագծելիության մեխանիզմի գործունեության կարգը։
2. Սույն համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, ցանկ) ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված հետևյալ ապրանքների նկատմամբ՝
1) ներքին սպառման համար բացթողում մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ,
2) ներքին սպառման համար բացթողում մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնք բռնագրավվել կամ այլ ձևով պետության սեփականությունն (եկամուտն) են դարձվել,
3) ներքին սպառման համար բացթողում մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնց վրա դատարանի որոշմամբ բռնագանձում է տարածվել մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց,
4) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքներ։
3. Այն հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված ապրանքները ենթակա են հետագծելիության, որոշվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
4. Ցանկը պետք է պարունակի ապրանքի անվանումը, 10-նիշ ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, ինչպես նաև հետագծելիություն իրականացնելու նպատակներով օգտագործվող ապրանքի քանակական չափման միավորը։
Ցանկը հաստատելու կամ դրանում փոփոխություններ (բացի ապրանքը ցանկից հանելու հետ կապված փոփոխություններից) կատարելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։
5. Սույն համաձայնագրի գործողությունը չի տարածվում՝
1) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) (վերամշակման արդյունքներ, թափոններ և մնացորդներ) և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.
2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.
3) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.
4) այն ապրանքների վրա, որոնց ներմուծումը, ձեռքբերումը, փոխանցումը կամ օտարումն ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է անձնական, ընտանեկան նպատակներով, ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով.
5) այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից օգտվող դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին առընթեր ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ Միության մաքսային տարածքում գտնվող դրանց ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար։
6. Հետագծելիություն չի իրականացվում՝
1) մանրածախ առևտրում իրացված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ.
2) հետագծելիության ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնց մասին տեղեկությունները պարունակում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվություն.
3) հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում:
7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անձինք և (կամ) այն դեպքերը, երբ անձինք իրավունք ունեն հետագծելիության ազգային համակարգում չներառելու հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները՝ այդպիսի ապրանքներն այդ անձանց և (կամ) դեպքերը սահմանող անդամ պետության տարածքում իրացնելու և (կամ) օգտագործելու պայմանով։