Հոդված 5
Հոդված 5
1. Հետագծելիության ազգային համակարգում ներառվում են տեղեկություններ՝
1) ապրանքների հայտարարագրից, ապրանքների հայտարարագրերի ճշգրտումներից, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումից (սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների մասով).
2) փաստաթղթերից, որոնց հիման վրա սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված՝ հետագծելիության ենթակա ապրանքներն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ներառվում են հետագծելիության ազգային համակարգում.
3) ուղեկցող փաստաթղթերից, այդ թվում՝ ճշգրտված ուղեկցող փաստաթղթերից.
4) հետագծելիության վերսկսումը հաստատող փաստաթղթերից՝ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան.
5) անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված այլ փաստաթղթերից.
6) այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից։
2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել հետագծելիության ազգային համակարգում սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերի նույնականացման հատկանիշների կիրառման մեխանիզմների սահմանման և էլեկտրոնային ձևով ապրանքների կարգավիճակի փոփոխման հնարավորությունը՝ առանց նշված դեպքերի համար փաստաթղթերի առանձին տեսակներ հաստատելու։
3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառվում են այն ժամկետներում, որոնք սահմանվում են՝
1) Հանձնաժողովի կողմից՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.
2) անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.
3) անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով՝ սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ։
4. Այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից տեղեկություններն անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում ներառվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետներում։
5. Տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգ մուտքագրելու համար պատասխանատու անձինք սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ։
6. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում պահելու ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
7. Սույն համաձայնագրին համապատասխան հետագծելիությունն ապահովելու նպատակներով օգտագործվում են տեղեկություններ, այդ թվում՝ այն ապրանքների հայտարարագրերից, որոնց փոխանակումն իրականացվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան։