Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են համապատասխան հասկացություններ՝ հետեւյալ նշանակությամբ.
Կողմերի օրենսդրություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ ՉԺՀ-ի միջազգային պայմանագրեր, օրենսդրական եւ նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրեր ու ակտեր.
տեղեկատվություն՝ տեղեկություններ ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք փոխանցվում են էլեկտրոնային եղանակով՝ սույն համաձայնագրին համապատասխան.
նշանակման երկիր՝ ապրանքների ներսբերման մաքսային փաստաթղթերի ձեւակերպման երկիր (տարածաշրջան).
ուղարկող երկիր՝ ապրանքների դուրսհանման մաքսային փաստաթղթերի ձեւակերպման երկիր (տարածաշրջան).
տարանցման երկիր՝ ապրանքների տարանցիկ փոխադրման մաքսային փաստաթղթերի ձեւակերպման երկիր (տարածաշրջան).
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքը, ինչպես նաեւ դրանց սահմանից դուրս գտնվող այն արհեստական կղզիները, կառույցները, կայանքները եւ այլ օբյեկտներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն.
ՉԺՀ-ի մաքսային տարածք՝ տարածք, որտեղ կիրառվում է ՉԺՀ-ի մաքսային օրենսդրությունը.
ապրանք՝ Կողմերի մաքսային օրենսդրությանը համապատասխան որոշվող եւ Եվրասիական տնտեսական միության ու ՉԺՀ-ի մաքսային սահմանով տեղափոխվող ցանկացած ապրանք.
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ՝ Եվրասիական տնտեսական միության եւ ՉԺՀ-ի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում իրականացնող տարբեր տեսակի նավեր, վերգետնյա տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտային միջոցներ ու օդանավեր։