Հոդված 6
Հոդված 6
Որակավորման քննությունը
1. Որակավորման քննությունն անցկացվում է աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձի մասնագիտական որակավորումն ստուգելու նպատակով։
2. Որակավորման քննության հանձնման արդյունքում պետք է հաստատվի աուդիտորական գործունեության իրականացմանն առնչվող բնագավառներում տեսական գիտելիքների անհրաժեշտ մակարդակը և աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձի՝ գործնական աշխատանքում նշված գիտելիքներն օգտագործելու կարողությունը։
3. Տեսական գիտելիքների մակարդակի ստուգումը պետք է անցկացվի հետևյալ բնագավառներում՝
ա) աուդիտորական գործունեություն.
բ) աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրություն.
գ) հաշվապահական հաշվառման վերաբերյալ անդամ պետության օրենսդրություն.
դ) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ.
ե) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ.
զ) ռիսկերի կառավարում, աշխատանքի որակի ներքին վերահսկողություն.
է) կառավարչական հաշվառում.
ը) աուդիտորների մասնագիտական էթիկա և անկախություն.
թ) հաշվապահական հաշվառման տեսություն.
ժ) ֆինանսական վերլուծություն.
ժա) ֆինանսական հաշվառում։
4. Տեսական գիտելիքների մակարդակի ստուգումը պետք է անցկացվի նաև հետևյալ բնագավառներում (այնքանով, որքանով այդ բնագավառները կապված են աուդիտորական գործունեության իրականացման հետ)՝
ա) տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային համակարգեր.
բ) մաթեմատիկա, վիճակագրություն.
գ) անդամ պետության հարկային, քաղաքացիական, աշխատանքային օրենսդրություն, ինչպես նաև անվճարունակության (սնանկության) վերաբերյալ անդամ պետության օրենսդրություն.
դ) ընդհանուր տնտեսական տեսություն, ֆինանսներ, միկրոտնտեսություն.
ե) կազմակերպության ֆինանսների կառավարման հիմնական սկզբունքներ։
5. Անդամ պետությունը՝
ա) սահմանում է որակավորման քննության անցկացման կարգը, որով նախատեսվում է նաև հավակնորդի՝ որակավորման քննությանը մասնակցելու կարգը, ինչպես նաև որակավորման քննության արդյունքները որոշելու կարգը։ Որակավորման քննության առնվազն մի մասը պետք է անցկացվի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (թեստավորման ձևով և այլն).
բ) սահմանում է այն մարմինը (մարմինները), որն իրականացնում է որակավորման քննության անցկացումը։ Որակավորման քննության անցկացում իրականացնող մարմիններ կարող են լինել անդամ պետության պետական մարմինները, աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները), հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպությունները.
գ) սահմանում է աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) տրամադրման կարգը.
դ) իրավունք ունի սահմանելու բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկ՝ աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու իրավունք ստանալուն հավակնող ֆիզիկական անձի համար.
ե) իրավունք ունի սահմանելու սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված բնագավառներում այնպիսի գիտելիքների ստուգումից ազատելու կարգը, որոնց մասով առկա է միջազգային ատեստատ (վկայական, հավաստագիր).
դ) իրավունք ունի սահմանելու բարձրագույն կրթության այն կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները, որոնցով անցկացվել է աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու իրավունք ստանալուն հավակնող ֆիզիկական անձի ուսուցումը։
6. Մեկ անդամ պետությունում տրված՝ աուդիտորի որակավորման ատեստատը (վկայականը, հավաստագիրը) վավերական է մյուս անդամ պետություններում և անժամկետ է կամ գործում է մինչև դրա գործողության ժամկետի ավարտը (եթե այդպիսի ժամկետ սահմանված է):