Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի գործունեության սահմանափակումները

1. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորն իրավունք չունեն զբաղվելու սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված աուդիտորական գործունեությունից ու ծառայությունների մատուցումից բացի այլ ձեռնարկատիրական գործունեությամբ։

2. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորն իրավունք ունեն մատուցելու աուդիտորական գործունեության հետ կապված, մասնավորապես՝ հետևյալ այլ ծառայություններ՝

ա) հաշվապահական հաշվառման կազմակերպում, հաշվապահական հաշվառման վերականգնում ու վարում, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների կազմում, հաշվապահական խորհրդատվություն.

բ) հարկային խորհրդատվություն, հարկային հաշվառման կազմակերպում, հարկային հաշվառման վերականգնում ու վարում, հարկային հաշվարկների ու հայտարարագրերի կազմում.

գ) ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված կառավարչական խորհրդատվություն, այդ թվում՝ կազմակերպությունների և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.

դ) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում և հաշվապահական հաշվառման ավտոմատացման հարցերով խորհրդատվություն.

ե) գնահատման գործունեություն.

զ) ներդրումային ծրագրերի մշակում ու վերլուծություն, բիզնես-պլանների կազմում.

է) աուդիտորական գործունեության հետ կապված բնագավառներում գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացում.

ը) ուսուցում աուդիտորական գործունեության հետ կապված բնագավառներում (հաշվապահական հաշվառում, տնտեսագիտություն, ֆինանսներ և այլն).

թ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական գործունեության հետ կապված ծառայությունները մատուցվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։

4. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծառայություններն աուդիտի ենթարկվող անձին մատուցելու և աշխատանքները կատարելու իրավունք չունեն հետևյալ դեպքերում՝

ա) այդ ծառայությունների մատուցումը և (կամ) այդ աշխատանքների կատարումը հանգեցնում են աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի անկախությանը ներկայացվող պահանջների չպահպանման կամ ստեղծում են այդ պահանջը չպահպանելու վտանգ և (կամ) հանգեցնում են շահերի բախման կամ ստեղծում են այդպիսի բախման վտանգ.

բ) աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը չեն կարող ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի անկախությանը ներկայացվող պահանջների չպահպանման վտանգի վերացմանը կամ այդ վտանգի նվազեցմանն այնքանով, որ պահպանվեն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքով սահմանված՝ աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։