Հոդված 27
Հոդված 27
Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի նկատմամբ ներգործության միջոցները
1. Անդամ պետությունը պետք է ապահովի ներգործության միջոցների կիրառումն աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջների, աուդիտորական գործունեության ստանդարտների, աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջների խախտում թույլ տված աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի նկատմամբ այդպիսի միջոցների կիրառման համար լիազորված մարմինների կողմից (այսուհետ՝ ներգործության միջոցներ)։
2. Ներգործության միջոցները կիրառվում են այն անդամ պետության աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի նկատմամբ ներգործության միջոցների կիրառման համար լիազորված մարմնի կողմից, որտեղ արձանագրվել է խախտումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
3. Անդամ պետությունը սահմանում է ներգործության միջոցները և դրանց կիրառման կարգը։
4. Անդամ պետությունն ապահովում է, որ ներգործության միջոցները սահմանելիս հաշվի առնվեն առնվազն հետևյալ հանգամանքները՝
ա) թույլ տրված խախտման բնույթը (այդ թվում՝ պարբերականությունը), դիտավորությունն ու ծանրության աստիճանը.
բ) ներգործության միջոցի համապատասխանությունը թույլ տրված խախտման ծանրության աստիճանին, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների, աուդիտորների իրավունքների և օրինական շահերի անհիմն սահմանափակման չթույլատրումը.
գ) բացասական հետևանքների առաջացումը (առաջացման վտանգը).
դ) վնասի (կորստի) հատուցումը հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններից օգտվողներին, աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողներին, այլ անձանց։
5. Անդամ պետությունը պետք է ապահովի կիրառվող ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը։