Հոդված 15.1. Գիտության կոմիտեն
Հոդված 15.1. Գիտության կոմիտեն
1. Գիտության կոմիտեն ղեկավարում է գիտության կոմիտեի նախագահը:
2. Գիտության կոմիտեն ՝
1) մասնակցում է գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակմանը, մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.
2) մշակում է գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.
3) մշակում է գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրեր և կազմակերպում է դրանց իրականացումը.
4) մշակում է գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրեր, գիտական կադրերի պատրաստման նպատակով իրականացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում է առաջարկություններ պետական պատվերի ձևավորման վերաբերյալ.
5) մշակում է առաջարկություններ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ.
6) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառի իրավական ակտերի նախագծեր.
7) սահմանում է փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջները.
8) մշակում է փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգը և չափանիշները.
9) մշակում և հաստատում է պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերը.
10) փորձաքննության բնագավառում կնքում է միջազգային համագործակցության պայմանագրեր.
11) կազմակերպում է գիտության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը.
12) սահմանված կարգով մասնակցում է գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
13) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրեր.
14) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
15) կազմակերպում է ռազմատեխնիկական ծրագրերի մշակումը, փորձաքննության և իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) կազմակերպումը` Ռազմարդյունաբերական կոմիտեի և համապատասխան պետական մարմինների հետ.
16) իրականացնում է գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.
17) իր իրավասության սահմաններում իրականացնում է գիտության բնագավառի բյուջետային գործընթացը:
(15.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-293-Ն)