Հոդված 23. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 23. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
1. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու գազամատակարարման համակարգերի օպերատորների ծառայության իրականացման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեությունները, ինչպես նաև էներգետիկական շուկային ծառայություններ մատուցելու գործունեությունները կարող են իրականացվել միայն հանձնաժողովի կողմից տրված համապատասխան գործունեության լիցենզիաների առկայության դեպքում: Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք` լիցենզիայի պայմանների և շուկայի կանոնների համաձայն:
2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով:
Կարգավորման ենթակա չեն՝
ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները.
բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ.
գ) մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
դ) բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, ինչպես նաև դիզել գեներատորային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը:
Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը կարգավորման ենթակա է միայն կայանի կառուցման ժամանակահատվածում:
3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:
(23-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն, փոփ., խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն)