Հոդված 17. Ունկնդրին թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը և ազատումը Ակադեմիայից
Հոդված 17. Ունկնդրին թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը և ազատումը Ակադեմիայից
1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, պատճառաբանված որոշում է կայացնում ունկնդրին թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Արդարադատության խորհուրդ կամ գլխավոր դատախազին դիմելու մասին, եթե`
1) ունկնդիրը անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
3) Ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումը կայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, Խորհուրդը իր պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը ուղարկում է համապատասխանաբար Արդարադատության խորհուրդ կամ գլխավոր դատախազին:
2.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ քննչական կոմիտեի նախագահին դիմելու մասին որոշումը կայացնում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ: Պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն ուղարկում է քննչական կոմիտեի նախագահին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Խորհուրդը, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով` քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը ունկնդրի դիմումի հիման վրա կարող է պատճառաբանված որոշում կայացնել ունկնդրին մինչև համապատասխանաբար դատավորների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հաջորդ մասնագիտական պատրաստումը տարկետում տրամադրելու վերաբերյալ:
4. Դատավորների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից հանվելու պահից:
(17-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)