Հոդված 30.1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
Հոդված 30.1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:
2. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նույնականացման քարտի հիման վրա: Մինչև 16 տարեկան փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած փախստականներին` 10 տարի վավերականության ժամկետով:
3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է փաստաթղթում ամրագրված անհատական տվյալները և լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներն ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Եթե կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում անձի կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:
4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անձը ներկայացնում է`
1) դիմում.
2) փախստականի նույնականացման քարտ.
3) պետական տուրքի վճարման անդորրագիր:
5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու համար անձը ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) պետական տուրքի վճարման անդորրագիր:
6. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում և մատնադրոշմները հանձնում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում:
7. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Կառավարությունը: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը պետք է համապատասխանի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին:
8. Գործունակ անձը կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
9. Անգործունակ, սահմանափակ գործունակ ճանաչված անձինք, ինչպես նաև առաջին խմբի հաշմանդամները կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
10. Մինչև 16 տարեկան երեխային կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:
11. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմում ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
12. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:
13. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
(30.1-ին հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն, 16.12.22 ՀՕ-470-Ն)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)