Հոդված 62. Ապաստանի տրամադրումը ժամանակավոր պաշտպանության դեպքում
Հոդված 62. Ապաստանի տրամադրումը ժամանակավոր պաշտպանության դեպքում
1. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված օտարերկրացիները (այսուհետ` ժամանակավոր պաշտպանված անձինք) ևս ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար սույն օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:
2. Ժամանակավոր պաշտպանված անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան է շնորհվում առանց սույն օրենքի 4-րդ գլխով սահմանված ընթացակարգերի կիրառման: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում նշված լիազոր պետական մարմինները ժամանակավոր պաշտպանության ենթակա անձանցից չեն պահանջում ներկայացնել ապաստանի անհատական դիմումներ և վերջիններիս տեղեկացնում են լիազոր մարմին անհապաղ դիմելու անհրաժեշտության մասին:
3. Ժամանակավոր պաշտպանված անձինք հաշվառման նպատակով դիմում են լիազոր մարմին, որը հաշվառում է նրանց` բացելով ամբողջ խմբի համար մեկ միասնական գործ, որտեղ գրանցվում են նրանց անձնական տվյալները, ներառյալ` ընտանիքի կազմը:
4. Լիազոր մարմինը ևս ժամանակավոր պաշտպանված անձանցից չի ընդունում ապաստանի անհատական դիմումներ, սակայն ստուգում է վերջիններիս տվյալների համապատասխանությունը այդ խմբին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին Կառավարության որոշման պահանջներին:
5. Եթե լիազոր մարմինը համարում է, որ տվյալ անձը չի համապատասխանում Կառավարության որոշման պահանջներին, ապա այդ անձին իրավունք է վերապահվում ներկայացնելու ապաստանի անհատական դիմում:
6. Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանված անձանց խմբի այն անդամներին, որոնց նկատմամբ առկա են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի ճանաչման բացառման հիմք տվող գործողություն կատարելու հիմնավոր կասկածներ, լիազոր մարմինը դիտում է որպես անհատական ապաստան հայցողներ և սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` անհատական ապաստանի ընթացակարգով քննում է դրանց նկատմամբ բացառման հիմքերի կիրառելիությունը:
7. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին տրամադրում է ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա այն փոխանակվում է փախստականի նույնականացման քարտով: Փաստաթղթերի փոխանակման կարգը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը և տալու կարգը հաստատում է Կառավարությունը:
(62-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.11 ՀՕ-66-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-52-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն, 16.12.22 ՀՕ-470-Ն)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)