Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 7. Ապաստան ընտանիքի անդամների համար և ընտանիքի վերամիավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ապաստան ընտանիքի անդամների համար և ընտանիքի վերամիավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի ամուսինը, մինչև 18 տարեկան զավակը և խնամքի տակ գտնվող այլ անձը նույնպես համարվում են փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են այդ փախստականի հետ համատեղ և չունեն փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ երկրի քաղաքացիություն:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի այլ բարեկամները կամ նրա ամուսնու բարեկամները նույնպես կարող են համարվել փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են նրա հետ համատեղ, այդ փախստականի խնամքի տակ են և չունեն այդ փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` փախստական ճանաչված և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած երեխայի ծնողները, մինչև 18 տարեկան, ինչպես նաև 18-ից բարձր տարիքի անգործունակ հարազատ քույրերն ու եղբայրները նույնպես համարվում են փախստական, և նրանց Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է ապաստան, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են փախստականի կարգավիճակ ստացած երեխայի հետ համատեղ և չունեն այդ երեխայի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:

4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները իրավունք ունեն վերամիավորվելու սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված իրենց ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության տարածքում` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

5. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարվում, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, չեղյալ է հայտարարվել: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:

6. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը դադարում է, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, դադարում է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։