Հոդված 30.3. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր ճանաչելու հիմքերը
Հոդված 30.3. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր ճանաչելու հիմքերը
1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր են ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) լրացել է փաստաթղթի վավերականության ժամկետը.
2) ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում է կայացվել.
3) անձը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
4) փաստաթուղթը կորել է.
5) փաստաթուղթը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.
6) փաստաթուղթը կեղծվել է.
7) փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
8) անձը փաստաթուղթը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում.
9) անձը մահացել է:
2. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձն այդ մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին՝ փախստականի նույնականացման նոր քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած՝ փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձին, իր ցանկությամբ, մինչև փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական, որի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
3. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում են անվավեր, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր են ճանաչվում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ:
5. Մահացած փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը հանձնվում են մահվան պետական գրանցումն իրականացնող մարմին:
(30.3-րդ հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն, 16.12.22 ՀՕ-470-Ն)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)