Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-12-25-ից մինչև 2011-02-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 12. Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը

գործել է մինչև 2011-02-12Բացել ARLIS-ում

Հոդված 12. Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը

1. Արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու և դրա արդյունքում լիազոր մարմնին ամփոփ տեղեկատվություն տրամադրելու նպատակով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը:

2. Ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:

3. Ռեեստրում գրառվում են տեղեկություններ`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի վերաբերյալ` անվանումը (անունը` անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկատեխնոլոգիական տվյալների մասին.

գ) արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման մասին.

դ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների մասին.

ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության մասին.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին.

է) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված օբյեկտների ապահովագրությունների մասին:

4. Ռեեստրում գրանցման նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է ներկայացնում դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը`

ա) պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության պատճենը.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` կցելով դրա վերաբերյալ սույն օրենքով սահմանված փորձագիտական եզրակացությունը.

գ) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված փորձագիտական եզրակացությունը (եզրակացությունները), եթե արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերը հաստատվել են, կամ արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) կատարվել է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո.

դ) տեղեկություններ արտադրական վտանգավոր օբյեկտի գտնվելու վայրի մասին.

ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող հատուկ պատասխանատու ծառայությունների մասին:

5. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված փաստաթղթեր ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, գրանցում է արտադրական վտանգավոր օբյեկտը և տալիս վկայական, եթե դիմումի մերժման հիմքեր չեն հայտնաբերվել:

6. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) բացակայում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված փաստաթղթերից թեկուզ մեկը.

գ) գրանցման ներկայացված օբյեկտը չի հանդիսանում արտադրական վտանգավոր օբյեկտ:

7. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացությունը:

8. Ապամոնտաժման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու նպատակով այն շահագործող անձը դիմում է ներկայացնում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` կցելով ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով կազմված փորձագիտական եզրակացությունը:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը սույն մասով նախատեսված դիմումի հիման վրա կատարում է համապատասխան գրառում ռեեստրում: Ռեեստրում տվյալ արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է ապամոնտաժման փաստը հաստատվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։