Հոդված 15. Տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը
Հոդված 15. Տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը
1. Կարգադրագիրը լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`
ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում.
բ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանը, եթե այն չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին կամ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:
2. Կարգադրագրով սահմանվում է դրա կատարման ժամկետը` համաձայնեցված արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի հետ:
3. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում դրա կատարման մասին տեղյակ պահել կարգադրագիրն արձակած լիազոր մարմնին:
4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած լիազոր մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:
5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են կարգադրագիրն արձակած լիազոր մարմնի կողմից` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի դիմումով, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին արտադրական վտանգավոր օբյեկտի անհամապատասխանության վերացման դեպքում:
6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը լիազոր մարմնի կողմից տրվում են, ինչպես նաև կարգադրագրով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են փորձագիտական եզրակացության հիման վրա` Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ներկայացմամբ:
7. Կարգադրագիրը կարող է բողոքարկվել դատական կարգով:
8. Կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:
9. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: