Հոդված 112. Որդեգրման ենթակա երեխաները
Հոդված 112. Որդեգրման ենթակա երեխաները
1. Որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Որդեգրումն իրականացվում է` ելնելով Երեխայի լավագույն շահերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա:
Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձևը։
2. Որդեգրում թույլատրվում է միայն երեխաների նկատմամբ և ելնելով նրանց շահերից՝ պահպանելով սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։
2.1. Կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրում թույլատրվում է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը:
2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է որդեգրման հանձնվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին տրված՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց հետո, որը Ոստիկանությունը ներկայացնում է ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:
3. Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որդեգրումը ելնում է երեխաների շահերից։
4. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու: Օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց երեք ամիս հետո:
(112-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-144-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն)