Հոդված 113. Երեխային որդեգրելու կարգը
Հոդված 113. Երեխային որդեգրելու կարգը
1. Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է`
ա. որդեգրել ցանկացող անձի, խնամակալության և հոգաբարձության մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում,
բ. որդեգրել ցանկացող անձի, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության երեխայի որդեգրման դեպքում` կենտրոնական մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին:
Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
3. Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճիռը ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին՝ ըստ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի վարույթի կարճման կամ երեխայի որդեգրումը մերժելու մասին վճիռ կայացնելու դեպքում դատարանը պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այն ուղարկել գործին մասնակցող անձանց, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, իսկ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում՝ նաև կենտրոնական մարմին:
Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
(113-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն)