Հոդված 110. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտումը և հաշվառումը
Հոդված 110. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտումը և հաշվառումը
1. Հիմնարկների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ կազմակերպությունների) պաշտոնատար անձինք, որոնք տեղեկություններ ունեն սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նշված երեխաների մասին, պարտավոր են այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ ըստ երեխաների փաստացի գտնվելու վայրի։
Խնամակալության և հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մինչև նրա տեղավորման հարցի լուծումը։
2. Դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների (որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները) ղեկավարները պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել, յոթնօրյա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ըստ տվյալ կազմակերպության գտնվելու վայրի։
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալու պահից 15 օրվա ընթացքում ապահովում է երեխայի տեղավորումը: Երեխային դաստիարակության համար ընտանիք հանձնելու անհնարինության դեպքում նման երեխայի մասին տեղեկությունները տվյալ մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին՝ նման երեխաների հաշվառման և ընտանիքներում երեխաների դաստիարակության հետագա կազմակերպման նպատակով մինչև նշված ժամկետի ավարտը։
Համապատասխան լիազորված մարմինը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից 15 օրվա ընթացքում հետագա դաստիարակության համար կազմակերպում է նման երեխաների տեղավորումը քաղաքացիների ընտանիքներում, իսկ դրա անհնարինության դեպքում հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, որն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը և աջակցում է այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նշված կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու, ակնհայտորեն ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են երեխային դաստիարակության նպատակով ընտանիք հանձնելուց թաքցնելուն, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով