Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը
Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը
1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:
2. Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:
Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:
Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը:
Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:
3. Կառավարիչը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ (ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է հաշիվներ բացել նաև գանձապետարանում.
7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.
10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
Կանոնադրությամբ կարող են սահմանվել կառավարչի նաև այլ իրավասություններ:
3.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կառավարիչը իրավասու է նաև իրականացնելու անձեռնմխելի կապիտալի կառավարումը, պարտատոմսերի ձեռք բերման և սպասարկման նպատակով կնքելու պահառության պայմանագրեր և վերահսկելու դրանց կատարումը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումները կամ փոփոխությունները, ինչպես նաև իրականացնելու օրենքով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
4. Կառավարիչն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
5. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել կառավարչի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:
6․ Հիմնադրամի կառավարիչը (առկայության դեպքում՝ նաև կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում ներկայացնում է (են) գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր:
(27-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն, խմբ. 14.12.17 ՀՕ-307-Ն, փոփ. 19.01.21 ՀՕ-43-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-561-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-486-Ն)