Հոդված 35. Հիմնադրամի լուծարման կարգը
Հոդված 35. Հիմնադրամի լուծարման կարգը
1. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և սույն օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
2. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
3. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
4. Լուծարման հանձնաժողովն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:
5. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:
6. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
7. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
8. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:
9. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:
10. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:
11. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:
13. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
14. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
15. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն հոդվածի առաջին, ութերորդ և տասներկուերորդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:
(35-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-138-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-62-Ն)