Հոդված 39.4. Անձեռնմխելի կապիտալի կառավարումը
Հոդված 39.4. Անձեռնմխելի կապիտալի կառավարումը
1. Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից և մարումից եկամուտներ ստանալու և ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին համապատասխան օգտագործելու միջոցով:
2. Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որևէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:
3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերում:
4. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-486-Ն)
5. Հիմնադրամի կողմից արտարժութային միջոցների հաշվին պետական պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում ներդրվող արտարժույթը հիմնադրամի կողմից նախապես փոխանակվում է հայկական դրամի՝ փոխանակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ տվյալ արտարժույթի միջին փոխարժեքից ոչ ցածր փոխարժեքով:
6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է մնալ հիմնադրամի գանձապետական ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվել պետական պարտատոմսերում):
7. Անձեռնմխելի կապիտալի համար հիմնադրամը բանկում բացում է առանձին բանկային հաշիվ և վարում է առանձնացված հաշվառում` դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա անձեռնմխելի կապիտալի համար կարող է բացել հաշիվ նաև գանձապետարանում և վարել առանձնացված հաշվառում` դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը կարող է բացել ենթահաշիվներ՝ հիմնադրի և յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած միջոցների համար:
(39.4-րդ հոդվածը խմբ. 14.12.17 ՀՕ-307-Ն, խմբ., փոփ. 17.12.25 ՀՕ-486-Ն)