Հոդված 17. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձին ներկայացվող պարտադիր պահանջներն ու սահմանափակումները
Հոդված 17. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձին ներկայացվող պարտադիր պահանջներն ու սահմանափակումները
1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձը պատվիրատուի պահանջի դեպքում, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր հաշվին ապահովագրել պատվիրատուին հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ անշարժ գույքի գնահատման մասնագիտական կոպիտ խախտումների պատճառով անշարժ գույքի թերագնահատման կամ գերագնահատման արդյունքում:
2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձը կրում է լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի գնահատման գործունեության կասեցման պատճառով պայմանագրային այլ պարտավորությունների չկատարման հետևանքով առաջացած վնասի պատասխանատվությունը:
3. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձն իրավունք չունի իրականացնելու սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված անշարժ գույքի գնահատություն, եթե հանդիսանում է տվյալ անշարժ գույքի հիմնադիր մասնակից կամ բաժնետեր, ինչպես նաև դրա նկատմամբ ունի գույքային այլ պարտավորություններ կամ պահանջներ:
4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված սահմանափակման խախտումն անշարժ գույքի գնահատման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է, իսկ իրականացված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը իրավական հիմք չունի:
5. Անշարժ գույքի գնահատման գործընթացին պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից միջամտելու դեպքում, որի հետևանքով կարող է թերագնահատվել կամ գերագնահատվել անշարժ գույքի շուկայական գինը, հանգեցնում է պատվիրատուի հետ պայմանագրի վաղաժամկետ լուծմանը և այդ պահի դրությամբ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձի կողմից կատարված ծախսերի հատուցմանը` պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից: