Հոդված 15. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 15. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները
1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն`
1) կիրառելու անշարժ գույքի գնահատման ինքնուրույն մեթոդներ` գնահատման ստանդարտին համապատասխան.
2) գնահատման ընթացքում անշարժ գույքի գնահատման պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկության, իսկ այդ տեղեկությամբ անշարժ գույքի շուկայական գնի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում` նշել այդ մասին հաշվետվությունում.
3) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվության չտրամադրման և պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվելու անշարժ գույքի գնահատման իրականացումից.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար ելակետային տվյալներ և այլ տեղեկատվություն, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար.
5) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.
6) լիազոր մարմնի կողմից ընդունված անշարժ գույքի գնահատման իր գործունեության մասին որոշումները բողոքարկելու դատական կարգով.
7) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են`
1) անշարժ գույքի գնահատումն իրականացնել սույն օրենքով, գնահատման ստանդարտով և օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ, ցանկության դեպքում նաև կնիքով և ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.
3) անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիայի և որակավորման վկայականի բնօրինակները պահպանել խնամքով, և լիցենզիան փակցնել պատվիրատուների համար տեսանելի տեղում.
4) պահպանել անշարժ գույքի գնահատման ընթացքում պատվիրատուից և երրորդ անձանցից ստացված փաստաթղթերը հաշվետվությունների կրկնօրինակների հետ միասին` օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.
5) պատվիրատուներից բացի, օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա անշարժ գույքի շուկայական գնի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել համապատասխան մարմիններին.
6) մասնակցել անշարժ գույքի գնահատման մասնագիտական վերաորակավորման դասընթացներին` առնվազն երեք տարին մեկ:
(15-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-115-Ն)