Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը
Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը
Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է`
1) ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի պահպանմանը և ավելացմանը.
2) բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները.
3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները և այդ համակարգերի ցանկը.
4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը.
5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները և իրականացման ժամանակացույցը.
6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը.
7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները և ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները.
8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումն ապահովող իրավական և նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաև առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ.
9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները.
10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացման համար:
Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանային կառավարման տարածքների՝
1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը և ջրային ռեսուրսների դասակարգումը.
2) ջրային համակարգերի դասակարգումը.
3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը և ավելացմանն ուղղված միջոցառումները.
4) ոլորտների ջրօգտագործումը և դրանց համալիր ազդեցության գնահատականը ջրային ռեսուրսների բաշխման վրա.
5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների.
6) ջրի պահպանության և կառավարման ընթացիկ գործողությունների արդյունավետության չափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման և ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունները և ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալները.
7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման և օգտագործման ռազմավարությունը.
8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման և աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ներառյալ՝ արդիական տեխնոլոգիաների կիրառումը.
9) ջրերի ստանդարտները.
10) ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագրությունը և դրանց համակարգումը.
11) ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը և ստացվելիք դրամամուտքերը.
12) հասարակության իրազեկության ապահովման մեխանիզմները.
13) հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը, որոնց մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական և (կամ) բուսական աշխարհի համար պահանջվում է պահպանության հատուկ համակարգի կիրառում.
14) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիները.
15) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները.
16) ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող ներկա ու ապագա պահանջարկի բավարարմանը և ջրամատակարարման ու ջրահեռացման հավասար հասանելիության ապահովմանն ուղղված միջոցառումները։
Կառավարությունը ջրի ազգային ծրագրի կատարման, ինչպես նաև դրանում առաջարկվող փոփոխությունների մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 15-ը:
(16-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)