Հոդված 103. Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական և այլ օբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները
Հոդված 103. Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական և այլ օբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները
Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարզում է դրանց համապատասխանությունը ելակետային տվյալներին, տեխնիկական պայմաններին, նախագծման, հաշվարկների և շինարարության նկատմամբ սահմանված պահանջներին:
ՀՏԿ-ների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել միայն դրանց հիդրավլիկական մոդելային հետազոտությունների արդյունքների առկայության դեպքում կամ այդպիսի հետազոտությունների ավելորդության հիմնավորումով:
Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
Շինարարական և այլ օբյեկտի նախագծման, շինարարության, վերակառուցման, օգտագործման հանձնման և օգտագործման ընթացքում պետք է հաշվի առնվի դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես անմիջական տեղադրման գոտում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ:
Ջրային ռեսուրսի վիճակի վրա ազդող նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքում պետք է հաշվի առնվի դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես տեղադրման վայրում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ:
Արգելվում է բնակավայրերում աղբավայրերը շահագործման հանձնելն առանց ֆիլտրող կուտակիչների:
Արգելվում է ջրային համակարգի օգտագործման հանձնելը և օգտագործումը, որը ապահովված չէ՝
1) ջրերի աղբոտումը և աղտոտումը կամ դրանց վնասակար ազդեցությունը կանխող սարքերով.
2) վերցվող և թափվող ջրերի հաշվառման միջոցներով.
3) անհրաժեշտ ձկնապաշտպան հարմարանքներով.
4) ջրային ռեսուրսները և ջրհավաք ավազաններն աղտոտումից պահպանող կառուցվածքներով.
5) գյուղացիական անասնապահական գործունեության ոլորտի համար նախատեսված սանիտարական գոտիներով:
Արգելվում է կեղտաջրերով ոռոգվող հողերն օգտագործման հանձնել և օգտագործել առանց ստորգետնյա ջրերի ռեժիմի դիտարկման համակարգի: