Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը
Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ հայտ է ներկայացնում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին կամ ջրավազանային կառավարման մարմին:
Ջրօգտագործման թույլտվության հայտը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը նախնական կարծիք է տալիս հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ՝ ուղարկելով հայտի նախնական քննարկման արդյունքները հայտը ներկայացնող անձին՝ ուղղակիորեն կամ լիազորված մարմնի (անձի) միջոցով:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից հայտի նախնական գնահատումը ներառում է սույն օրենսգրքով նախատեսված ջրօգտագործմանը ներկայացվող հատուկ պայմանների սահմանումը, պահանջվող լրացուցիչ տեղեկությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտության նշումը:
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի նախնական գնահատումը կատարելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:
Օրենքով նախատեսված դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սույն օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացը կարող է երկարաձգվել, սակայն 60 օրից ոչ ավելի ժամկետով:
Վերը նշված նախնական քննարկումներն իրականացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն իրականացնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական քննարկումը:
Վերջնական քննարկումը ներառում է ջրօգտագործման թույլտվություն տալուն առնչվող բոլոր հարցերի դիտարկումը, ներառյալ՝ հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները, ջրօգտագործման թույլտվության հատուկ պայմանների սահմանումը, որոնք վերաբերում են ջրի քանակի ու որակի պահպանությանը և կցվում են ջրօգտագործման թույլտվությանը:
Վերջնական քննարկումն ավարտելուց հետո Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական որոշումը և, ըստ անհրաժեշտության, լրացված և ստորագրված ջրօգտագործման թույլտվության պատճենները կարծիքների, պայմանների և հրահանգների հետ՝ ուղղակիորեն կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է հայտատուին:
Եթե պայմանները չեն բավարարում ջրօգտագործման թույլտվության հայտատուին, ապա նա իրավունք ունի բողոքարկել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի որոշումը՝ օրենքով սահմանված կարգով:
Ջրօգտագործման թույլտվությունը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտը ներկայացնողը պետք է ստորագրված թույլտվությունը վերադարձնի Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:
Հայտ ներկայացնողի կողմից ստորագրված ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին ներկայացնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները: