Հոդված 15. Քննչական կոմիտեի կարգապահական և որակավորման հանձնաժողովները
Հոդված 15. Քննչական կոմիտեի կարգապահական և որակավորման հանձնաժողովները
1. Քննչական կոմիտեում գործում են կարգապահական և որակավորման հանձնաժողովներ:
2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել որակավորման հանձնաժողովի անդամներ: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածի սույն մասով սահմանված կարգով կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:
3. Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է դրա անդամների ձայների մեծամասնությամբ ընտրված անդամներից մեկը:
4. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:
5. Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 4 ծառայող, 4 իրավաբան-գիտնական:
6. Որակավորման հանձնաժողովի անդամներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը՝ 3 տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովի նոր անդամներին քննչական կոմիտեի նախագահը նշանակում է որակավորման հանձնաժողովի գործող անդամների լիազորությունների դադարեցման օրը:
7. Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: