Հոդված 19. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը
Հոդված 19. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը ձևավորում է որակավորման հանձնաժողովը`
1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստացիայի ժամանակ.
2) արտահերթ կարգով, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ընդգրկվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.
3) այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, էլեկտրոնային համակարգում լրացնում են բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողով են ներկայացնում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացված լինելու մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
1.3. Ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ եզրակացությունը տրամադրելիս որակավորման հանձնաժողովի կողմից գնահատման ենթակա հանգամանքներից է նաև թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է հինգ տարի ժամկետով:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-161-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(11.04.24 ՀՕ-161-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)