Հոդված 6. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 6. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:
Հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:
Տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:
Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`
ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, պետական գերեզմանատներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր.
բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, պետական գերեզմանատներ.
գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ.
դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:
(6-րդ հոդվածը փոփ. 29.04.15 ՀՕ-30-Ն)