Հոդված 12. ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարը, իրենց առաջարկությունները շինության սեփականատերերի ժողովի քննարկմանն իրավունք ունեն ներկայացնել գումարման միջոցով: Այս դեպքում նախաձեռնողը պարտավոր է ժողովի օրակարգի մասին ծանուցել շինության սեփականատերերին: Ծանուցումն իրականացվում է ծանուցման տեքստը շենքի յուրաքանչյուր մուտքի առավել տեսանելի կամ դրա համար նախատեսված տեղում փակցնելով կամ անձամբ շինության յուրաքանչյուր սեփականատիրոջը տրամադրելու կամ ուղարկելու միջոցով: Ժողովի օրակարգի տեքստը տրվում է նաև շենքի կառավարման մարմնին:
2. Շինության սեփականատիրոջ պահանջով շենքի կառավարման մարմինը ժողովի օրակարգի տեքստն ուղարկում է նրա կողմից նշված հասցեով: Այս դեպքում օրակարգի տեքստն ուղարկելու համար կառավարման մարմնի կատարված ծախսերը հատուցում է շինության սեփականատերը:
3. Ժողով նախաձեռնողը, իսկ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` շենքի կառավարման մարմինը, պարտավոր են հատուցել ժողովի օրակարգը շինության սեփականատիրոջը պատշաճ ձևով չտալու կամ չուղարկելու հետևանքով նրան պատճառված վնասները:
4. Ժողովի օրակարգում նշվում են նաև ժողով հրավիրողի անունը (անվանումը), ստորագրությունը, նրա բնակության կամ գտնվելու վայրը, նրա բաժնի չափը (եթե նա շինության սեփականատեր է), ժողովի հրավիրման օրը, ժամը և վայրը, օրակարգի վերաբերյալ առաջարկությունների ընդունման օրը և վայրը, քննարկման ենթակա հարցերի ցանկը, օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակը, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
5. Ժողովի հրավերի մասին ծանուցվում է ոչ ուշ, քան դրա անցկացման օրվանից 7 օր առաջ:
6. Հրավիրված ժողովն իրավասու է, եթե դրան ներկա են այնքան սեփականատերեր կամ նրանց ներկայացուցիչներ, որոնց պատկանում է սեփականատերերի ընդհանուր ձայների թվի կեսից ավելին:
7. Ժողովը վարում է կառավարման մարմնի ներկայացուցիչը (լիազոր կառավարիչը), իսկ նրա բացակայության դեպքում` ժողովի նախաձեռնողը: Ժողովի արձանագրությունը կազմում է ժողովի կողմից ընտրված քարտուղարը:
8. Ժողովն իրավունք չունի քննարկման դնել այնպիսի հարցեր, որոնք չեն նշվել օրակարգում: Օրակարգում սույն օրենքով սահմանված կարգով չնշված, սակայն ժողովի կողմից քննված հարցերի վերաբերյալ կայացված որոշումներն անվավեր են:
Ժողովը համարվում է անվավեր նաև, եթե դրա օրակարգը պատշաճ ձևով չի ներկայացվել շինության սեփականատերերի 10 տոկոսից ավելիին:
9. Շենքի կառավարման մարմինը, իսկ նրա բացակայության դեպքում` ժողովը նախաձեռնողը, պարտավոր են ժողովում ընդունված որոշումների պատճենները, ինչպես նաև ժողովը չկայանալու փաստի մասին տեղեկատվությունը երկու օրվա ընթացքում, սույն հոդվածով սահմանված կարգով, ծանուցել շինությունների սեփականատերերին:
(12-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-112-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-79-Ն)