Հոդված 22. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 22. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Շենքի կառավարման մարմինը`
ա) պահպանում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարումը.
բ) սույն օրենքով նախատեսված կարգով շինության սեփականատերերից գանձում է պարտադիր վճարները և սահմանված կարգով որոշված այլ վճարներ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է անձանցից պարտադիր վճարների գանձման հետ կապված լիազորություններ.
գ) օրենքով նախատեսված կարգով դիմում է դատարան` շինության սեփականատերերի կողմից չվճարված վճարների բռնագանձման համար.
դ) սույն օրենքով նախատեսված կարգով շինության սեփականատերերին ներկայացնում է ամսական, տարեկան և այլ հաշվետվություններ ու ծանուցումներ.
ե) կազմում և շինության սեփականատերերի քննարկմանն է ներկայացնում պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների նախահաշիվ.
զ) իր կամ շինության սեփականատերերի անունից տրված լիազորությունների սահմաններում և շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բյուջեի հոդվածներով նախատեսված պայմաններով և չափով կնքում է պայմանագրեր.
է) մասնակցում է շենքում օրենքով սահմանված կարգով անցկացվող ստուգումներին և ստորագրում է ստուգման ակտերը (արձանագրությունները).
ը) մասնակցում է շենքին, դրա հարակից տարածքներին առնչվող հարցերի քննարկմանը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում.
թ) շենքին վերաբերող քաղաքաշինական և բնապահպանական հարցերով հրապարակային քննարկումների ժամանակ շինության սեփականատերերի անունից տալիս է կարծիք կամ եզրակացություն.
ժ) շինության սեփականատերերի անունից առաջարկություններ է ներկայացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` նրանց կողմից իրենց շենքի և հարակից տարածքների բարեկարգման հարցերով.
ժա) իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է ներկայացնել և (կամ) պաշտպանել շինության սեփականատերերի իրավունքները և օրինական շահերը պետական (այդ թվում` դատական) և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում.
ժբ) օրենքով սահմանված կարգով շենքի ընդհանուր բաժնային սեփականության կամ շինության սեփականատերերի վերաբերյալ տալիս է վիճակագրական հաշվետվություններ.
ժգ) շենքում մահացած անձանց ժառանգների շահերի պաշտպանության նպատակով դիմում է նոտարին` ժառանգական գույքի պահպանման համար.
ժդ) շինության սեփականատերերին, շենքում բնակվող կամ գործունեություն իրականացնող անձանց կամ շահագրգիռ այլ անձանց տալիս է տեղեկանքներ`
- շենքի բաժնային սեփականության կառավարման մարմնի ձևի մասին,
- շինության սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում չկատարված պարտավորությունների մասին,
- շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման համար նախատեսված պարտադիր վճարների չափի մասին,
- շենքի ընդհանուր բաժնային սեփականության մեջ շինության սեփականատիրոջ բաժնի մասին,
- շենքում բնակվելու, նրանց ընտանիքի կազմի կամ շենքում գործունեություն իրականացնելու մասին,
- շինության տիրապետման կամ օգտագործման մասին,
- օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.
ժե) վարում է շենքի բաժնային սեփականության մեջ սեփականատերերի բաժնային հաշվառման գրանցամատյանը.
ժզ) ապահովում է շենքի անձնագրավորման, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի տարեկան գույքագրման իրականացումը.
ժէ) կազմում է շինություններին և (կամ) ընդհանուր բաժնային սեփականությանը հասցված վնասների վերաբերյալ արձանագրությունները.
ժը) իրականացնում է շինության սեփականատերերի կողմից սահմանված կարգով տրված այլ լիազորություններ.
ժթ) իր նախաձեռնությամբ իրականացնում է օրենքին, շինությունների սեփականատերերի որոշումներին և վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին չհակասող ընդհանուր բաժնային սեփականության կառավարմանն ուղղված այլ լիազորություններ.
ի) ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, սույն օրենքով սահմանված կարգով, ապահովում է լիազորված անձանց մուտքը շենքի փակ բնակարաններ և այդ բնակարաններում առկա գույքի պահպանությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» և «ժբ»-«ժզ» ենթակետերով, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված՝ անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացման մասով նախատեսված լիազորությունները համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորություններ և չեն կարող փոխանցվել այլ անձանց:
Օրենքով կամ իրավական այլ ակտերով այլ բացառիկ լիազորություններ կառավարման մարմնին չեն կարող տրվել: Սույն կետի խախտմամբ տրված լիազորություններն անվավեր են:
3. Շենքի կառավարման մարմնի բացառիկ լիազորություններ չհանդիսացող գործառույթները կարող են իրականացնել նաև շինության սեփականատերերը:
4. Տեղական ինքնակառավարման մարմինը, որպես շենքի կառավարման մարմին, իրավունք ունի իրականացնելու միայն սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«է», «ժա»-«ժէ» և «ի» կետերով նախատեսված լիազորությունները:
5. Սույն հոդվածի 1-ին կետի «գ», «թ», «ժ», «ժա» և «ժէ» ենթակետերով նախատեսված լիազորությունները շենքի կառավարման մարմինն իրականացնում է միայն սույն օրենքով սահմանված կարգով հարցի վերաբերյալ իրազեկում տալուց հետո` հաշվի առնելով շինության սեփականատերերի կարծիքը:
6. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «զ», «է», «ժա» և «ժզ» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացնելուց հետո` հինգ օրվա ընթացքում, շենքի կառավարման մարմինը դրանց արդյունքների վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով ծանուցում է շինության սեփականատերերին:
7. Սույն հոդվածի 1-ին կետի «ժթ» ենթակետով նախատեսված լիազորությունները շենքի կառավարման մարմինն իրականացնում է միայն սույն օրենքով սահմանված կարգով:
8. Օրենքի պահանջների խախտմամբ կամ իր լիազորություններից դուրս շենքի կառավարման մարմնի կողմից կնքված գործարքը կամ իրականացված գործունեությունն անվավեր է:
9. Շենքի կառավարմանն առնչվող փաստաթղթերը պահպանվում են կառավարման մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ պակաս, քան 3 տարի:
10. Կառավարման մարմինը պարտավոր է իրեն լիազորություն տված անձանց փոփոխության մասին յուրաքանչյուր փոփոխությունից հետո` երկօրյա ժամկետում, ծանուցել շենքի սեփականատերերին` նշելով լիազորություն տված սեփականատերերի ձայների տոկոսը:
(22-րդ հոդվածը լրաց., խմբ. 04.11.03 ՀՕ-25-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-241-Ն, 01.07.21 ՀՕ-297-Ն)
(01.07.21 ՀՕ-297-Ն օրենքն ունի անցումային դրույթ)