Հոդված 29. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 29. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման և պահպանության ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է տարեկան բյուջեի միջոցով (այսուհետ` բյուջե): Բյուջեն հաստատվում է ժողովում` մեկ տարվա համար` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, և կարող է տարվա ընթացքում փոխվել միայն ժողովի որոշմամբ:
2. Բյուջեի նախագիծը կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման և շահագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև շենքի կառավարման մարմնի պահպանման ծախսերը:
3. Բյուջեի եկամուտները գոյանում են`
ա) շինության սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված վճարումներից և այլ վճարումներից.
բ) ընդհանուր բաժնային սեփականությունն օտարելու կամ այն վարձակալության (օգտագործման) հանձնելու դիմաց ստացված եկամուտներից.
գ) ընդհանուր բաժնային սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման ընթացքում ստացված եկամուտներից.
դ) պետության կամ համայնքի կողմից տրված սուբսիդիաներից և դոտացիաներից.
ե) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
4. Բյուջեով կարող են նախատեսվել հետևյալ ծախսերը`
ա) պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսեր.
բ) աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսեր.
գ) տնտեսական ծախսեր (փոստային, կապի, տպագրական, գրասենյակային պիտույքներով ապահովման և այլն).
դ) ընդհանուր բաժնային սեփականության գույք հանդիսացող շինության վերակառուցման ու վերանորոգման ծախսեր.
ե) ընդհանուր բաժնային սեփականության արժեքի ավելացմանն ուղղված ծախսեր.
զ) ժողովի կողմից հաստատված այլ ծախսեր: