Հոդված 19. ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ)
Հոդված 19. ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ)
1. Լիազորագրային (ներկայացուցչական) կառավարումը, սույն օրենքի համաձայն, ինչպես նաև շինության սեփականատերերի գրավոր լիազորագրի և կնքված լիազորագրային կառավարման պայմանագրի հիման վրա շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման իրականացումն է:
2. Լիազորագրային կառավարման լիազորագիրը տրվում է, իսկ պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով:
Լիազորագրում և պայմանագրում պետք է նշվեն լիազորողների և պայմանագրի կողմերի անունները, ազգանունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը, ընդհանուր գույքում բաժնի չափը, ստորագրությունները, շինության հասցեն, տրվող լիազորությունների հստակ ցանկը, լիազորված անձի անունը, ազգանունը (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը, լիազորությունների ժամկետը:
3. Լիազորագրում և պայմանագրում պետք է արտացոլվեն պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների ցանկը, ինչպես նաև շինության սեփականատերերի կողմից տրված այլ լիազորություններ:
Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը և պայմանագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Լիազորագրային կառավարիչն իր լիազորություններն իրականացնում և գործարքներ է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` շինության սեփականատերերի անունից:
5. Օրենքի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև վերապահումով տրված լիազորագիրը կամ կնքված պայմանագիրը համարվում է անվավեր: