Հոդված 370. Տուժանքի մասին համաձայնության ձևը
Հոդված 370. Տուժանքի մասին համաձայնության ձևը
Տուժանքի մասին համաձայնությունը պետք է կնքվի գրավոր` անկախ հիմնական պարտավորության ձևից:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է տուժանքի մասին համաձայնության անվավերության:
⚖Հոդված 371. Օրինական տուժանք
1. Պարտատերն իրավունք ունի պահանջել վճարելու օրենքով սահմանված տուժանքը (օրինական տուժանքը), անկախ այն բանից, կողմերի համաձայնությամբ նախատեսվա՞ծ է այն վճարելու պարտականություն, թե՞ ոչ:
2. Օրինական տուժանքի չափը կարող է մեծացվել կողմերի համաձայնությամբ, եթե դա արգելված չէ օրենքով:
⚖Հոդված 372. Տուժանքի առավելագույն չափը և այն պակասեցնելը
(վերնագիրը խմբ. 14.12.17 ՀՕ-319-Ն)
1. Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է:
3. Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և՝
1) պարտապանը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ
2) մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ
3) պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:
4. Դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը պակասեցնելու դեպքում պարտատերը պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից կատարում է վերահաշվարկ, իսկ տուժանքը վճարված լինելու դեպքում պարտապանին վերադարձնում է վճարված տուժանքի պակասեցված չափին համապատասխան գումար:
(372-րդ հոդվածը խմբ. 14.12.17 ՀՕ-319-Ն)