Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-14-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 111. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 111. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը

1. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:

2. Ընկերության կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Այն չի կարող պակաս լինել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափից:

3. Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր չեն մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Բաժնետիրական ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է բաշխվեն հիմնադիրների միջև:

4. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

5. Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը պակաս է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից (սույն հոդվածի 2-րդ կետ) կամ կազմում է բացասական մեծություն, ապա ընկերությունը ենթակա է լուծարման, եթե «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի կամ ձայների առավելագույն թվի սահմանափակումներ:

(111-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-39-Ն, լրաց., փոփ. 26.05.21 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։