Հոդված 968.7. Ֆոնդի կառավարչի իրավունքները և պարտականությունները
Հոդված 968.7. Ֆոնդի կառավարչի իրավունքները և պարտականությունները
1. Ֆոնդի կառավարիչը ֆոնդի ակտիվների անվանատերն է, որի անունով են առանձնացված հաշվառվում և գրանցվում այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքները` առանց այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման:
2. Ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով ֆոնդի կառավարչի ձեռք բերած գույքը և այլ իրավունքները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում: Սույն կետով նախատեսված գործողությունների հետևանքով առաջացած պարտականությունները կատարվում են բացառապես ֆոնդի ակտիվների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքի 968.9 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
3. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է`
1) ֆոնդի կառավարման իր պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները բարեխղճորեն ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն).
2) ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով վերջինների շահերին.
3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների, ինչպես նաև վերջինների և իր այլ հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար:
4. Ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարման համար խոչընդոտներ առաջանալու դեպքում պարտավոր է պահանջել վերացնել դրանք (274, 275, 277 և 278 հոդվածներ): Ընդ որում, սույն կետով նախատեսված խոչընդոտների վերացման հետ կապված ֆոնդի կառավարչի ստացած հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:
5. Ֆոնդի կառավարիչը օրենքով, այլ իրավական ակտերով և (կամ) ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում ֆոնդի և դրա կառավարման հետ կապված գործողությունների մասին հաշվետվություն է ներկայացնում ֆոնդի մասնակիցներին:
6. Օրենքով ֆոնդի կառավարչին կարող են ներկայացվել պահանջներ և նրանց համար սահմանվել լրացուցիչ պարտականություններ: