Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և գրանցումը
Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և գրանցումը
1. Համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է:
2. Համալիր թույլտվության պայմանագիրը գրանցում է պայմանագրով որպես իրավատեր հանդես եկող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը գրանցած պետական մարմինը:
Եթե իրավատերը` որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցված է օտարերկրյա պետությունում, համալիր թույլտվության պայմանագիրը գրանցում է պայմանագրով որպես օգտագործող հանդես եկող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը գրանցած պետական մարմինը:
Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն այն գրանցելուց հետո:
3. Արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվությունը ենթակա է գրանցման նաև արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում: Այդ պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առոչինչ:
(970-րդ հոդվածը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)