Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ:
2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից:
3. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե անձը հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:
(20-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-1-Ն, լրաց. 15.12.16 ՀՕ-247-Ն, փոփ. 22.01.20 ՀՕ-77-Ն, լրաց., խմբ. 04.05.22 ՀՕ-113-Ն)
(20-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությունը 22.01.20 ՀՕ-77-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն տարածվում է 2019 թվականի հուլիսի 16-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
22.01.20 ՀՕ-77-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, եթե մինչև 2019 թվականի հուլիսի 16-ը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության զինվորական կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթոշակի տեսակը փոխվում է)՝
1) 2019 թվականի հուլիսի 16-ից, եթե անձը կրկին դիմում է 22.01.20 ՀՕ-77-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.
2) դիմելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է 22.01.20 ՀՕ-77-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո։)
(հոդվածի 12.07.19 ՍԴՈ-1475 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 22.01.20 ՀՕ-77-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)
(հոդվածը 08.12.22 ՀՕ-527-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից)
(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)