Հոդված 122. Առևտրի ազդագրի լրացումները և կիրառության ժամկետը
Հոդված 122. Առևտրի ազդագրի լրացումները և կիրառության ժամկետը
1. Առևտրի ազդագրի կիրառության ժամկետն առևտրի ազդագրի հրապարակմանը հաջորդող այն ժամանակահատվածն է, որի ընթացքում այդ ազդագրի հիման վրա կատարված՝ կարգավորվող շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը համարվում է վավերական:
2. Առևտրի ազդագրի կիրառության ժամկետը 12 ամիս է, եթե պահպանվել են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:
3. Առևտրի ազդագրի կիրառության ժամկետի ավարտից հետո տվյալ առևտրի ազդագրի հիման վրա շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունն արգելվում է:
4. Առևտրի ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու պահից մինչև արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն տալու օրն առևտրի ազդագրում ներառվող տեղեկատվության փոփոխության, ցանկացած նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողը կամ շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից կամ այն օրվանից հետո, երբ նա ակնհայտորեն կարող էր տեղեկանալ տվյալ փոփոխության մասին, 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել առևտրի ազդագրի լրացում: Առևտրի ազդագրի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-5-րդ մասերի դրույթները: