Հոդված 71. Պատասխանատվությունը սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար
Հոդված 71. Պատասխանատվությունը սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար
1. Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված չափով և կարգով։
Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):
Գանձված (մուծված) տույժերի հաշվին մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են՝ մասնակիցների եկամտից (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) պահված (վճարված) սոցիալական վճարի ընդհանուր գումարում տվյալ մասնակցի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի չափից ելնելով:
2. Սույն օրենքի դրույթների համաձայն՝ ժամանակին չպահված (կամ պակաս պահված) սոցիալական վճարի գումարները (այդ թվում՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում) հարկային գործակալի կողմից մասնակցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար:
3. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում սոցիալական վճար կատարողից (հարկային գործակալից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված (հարկային մարմնի կողմից) սոցիալական վճարի գումարը:
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվարկներում սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:
Սոցիալական վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտից սոցիալական վճարի գումարները, իսկ վարձու աշխատողները (հարկային գործակալները) նաև սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:
4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների և դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) վարձու աշխատողների համար այդ միջազգային կազմակերպության կողմից սոցիալական վճարներ կատարելու հարաբերությունների վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
(71-րդ հոդվածը խմբ. 17.12.15 ՀՕ-199-Ն, 16.12.16 ՀՕ-258-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-216-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-291-Ն, 22.04.20 ՀՕ-221-Ն, խմբ. 28.02.24 ՀՕ-108-Ն)
(28.02.24 ՀՕ-108-Ն օրենքն ունի անցումային դրույթ)