Հոդված 52. Մասնակիցների կատարած երաշխավորված կուտակային վճարումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը
Հոդված 52. Մասնակիցների կատարած երաշխավորված կուտակային վճարումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը
1. Հատուցման դեպքի առկայության մասին որոշումը մասնակիցների ռեեստրը վարողն ընդունում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին հայտնում է հատուցման դեպքի առկայության (կամ դրա բացակայության) և սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի մասին:
2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և Երաշխիքային ֆոնդին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը և տեղեկությունները:
3. Երաշխիքային ֆոնդը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին նրա մասնաբաժինը ստանալու նպատակով և այն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողին:
4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային կենսաթոշակը վճարելիս մասնակցի կենսաթոշակային հաշվում գտնվող բոլոր փայերի մարումից ստացված գումարին միացնում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած գումարը: Եթե մասնակիցը, ստանալով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը, ցանկանում է կենսաթոշակը ստանալ ծրագրային վճարի տեսքով, ապա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարի հաշվին սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի համար ձեռք են բերվում այն կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին մասնակիցը վճարումներ է կատարելիս եղել սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու պահին:
5. Երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը հատուցած գումարի և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ, եթե հատուցման դեպքն առաջացել է տվյալ կառավարչի գործողությունների կամ անգործության հետևանքով, բացառությամբ երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:
6. Երաշխիքային ֆոնդի և Կենտրոնական բանկի, ինչպես նաև Երաշխիքային ֆոնդի և մասնակիցների ռեեստրը վարողի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
7. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի կողմից սույն օրենքով, Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության, Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի, ինչպես նաև դրա տնօրենի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և պայմաններով:
(52-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 12.11.12 ՀՕ-207-Ն)