Հոդված 65. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն իրականացնելը
Հոդված 65. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն իրականացնելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները), բանկերը և ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն առաջարկելու կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ:
2. Կամավոր կուտակային կենսաթոշակների պայմանագրի սուբյեկտ կարող է լինել գործատուն, որը կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր է կնքում իր աշխատակիցների օգտին, ինչպես նաև ֆիզիկական անձը, որն իրավունք ունի կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր կնքելու իր կամ այլ անձանց օգտին:
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը պարտավոր են սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կանոնները, որոնք պետք է ներառեն կամավոր կուտակային վճարի չափը, փայերի մարման վճարի չափը, վճարների կատարման ժամկետը և պարբերականությունը, կենսաթոշակների վճարման ժամկետներն ու պարբերականությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ պայմաններ:
4. Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաների կանոնները կարող են փոփոխվել միայն ապագա ժամանակահատվածի համար, և դրանք չեն կարող վատթարացնել մասնակիցների/շահառուների կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանները:
5. Անձը կարող է մասնակցել միաժամանակ մեկից ավելի կամավոր սխեմաների:
6. Անձը կամավոր կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:
7. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, ավանդի գումար, ներառյալ` հաշվեգրված տոկոսները, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի, բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված միանվագ վճար կատարելու համար պայմանագրով կարող են նախատեսվել առավել մեծ մարման վճար, տուգանք և (կամ) ավելի ցածր տոկոսներ, բացառությամբ, եթե նման պահանջը ներկայացվել է հետևյալ դեպքերում.
1) մասնակիցը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) մասնակիցը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որ հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությամբ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
4) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր.
5) կամավոր կենսաթոշակային ֆոնդը դադարեցվել (լուծարվել) է, և մասնակիցը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել բաշխման ենթակա ակտիվների հաշվին այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու պահանջ.
6) բանկը կամ ապահովագրական ընկերությունը լուծարման գործընթացում է, կամ ապահովագրական ընկերությունը համապատասխան ապահովագրական պորտֆելը փոխանցել է այլ ապահովագրական ընկերության.
7) տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է ավելի քան տասը տարի:
9. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարման վճարի, տուգանքի և (կամ) տոկոսների առավելագույն չափ:
(65-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)