Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 19. Վճարահաշվարկային կազմակերպությունները

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 19. Վճարահաշվարկային կազմակերպությունները

1. Վճարահաշվարկային կազմակերպությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձն է: Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են`

ա) դրամական (փողային) փոխանցումների իրականացումը.

բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացումը:

2. Սույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վճարահաշվարկային կազմակերպությունների տեսակներն են`

ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայություններ, ինչպես նաև վերջիններիս հետ կապված և Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ.

բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունները չեն կարող իրականացնել առևտրային, արտադրական և այլ տիպի գործունեություն, բացառությամբ օրենքով նախատեսված և սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Առանց Կենտրոնական բանկի տված համապատասխան լիցենզիայի արգելվում է վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել վճարահաշվարկային փաստաթղթերի և վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ, փոստային կապի ծառայությունների մատուցում` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև բացառապես դրամական (փողային) փոխանցումների իրականացման հետ կապված արտարժույթի փոխարկում՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեություն, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումներ` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

5.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է առանց մասնաճյուղ ստեղծելու վճարումներ կատարել իր գտնվելու վայրից դուրս` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. «Վճարահաշվարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:

7. Վճարահաշվարկային կազմակերպությունները վճարահաշվարկային ծառայությունները մատուցում են իրենց բարձրագույն կառավարման մարմնի հաստատած աշխատանքի կանոնակարգին համապատասխան:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

Կենտրոնական բանկը լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից տասնհինգօրյա ժամկետում դիմումը չմերժվելու կամ տասնհինգօրյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները հակասում են սույն oրենքին կամ այլ oրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին:

Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից: Աշխատանքի կանոնակարգում լրացումների կամ փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացնելու տեխնիկական պայմաններն ու ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(19-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-10-Ն, 13.11.07 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-184-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։