Հոդված 70. Ուսուցումը Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում
Հոդված 70. Ուսուցումը Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում
1. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման կարգով:
2. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող են ընդունվել մինչև 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
3. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություն որպես կուրսանտ ընդունվելու համար կարող են դիմել`
ա) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.
բ) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում.
գ) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային կամ միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
5. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ընդունելության քննությունների առարկայական ցանկը և ուսումնական ծրագրերը հաստատվում են օրենքով սահմանված կարգով:
6. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:
7. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:
8. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 30 տարեկանը լրանալը` Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ատեստավորման արդյունքների հիման վրա:
9. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում կուրսանտների, ադյունկտների ուսուցման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքով, որը հաստատում է կառավարությունը:
10. Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատության կուրսանտ շրջանավարտներին Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում: