Հոդված 101. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների կատարումը
Հոդված 101. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների կատարումը
1. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
2. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները ներկայացվում են հարկադիր կատարման դրանցում նշված ժամկետում չկատարվելու դեպքում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները հարկադիր կատարման ներկայացնելիս Հանձնաժողովը որոշմանը կից ներկայացնում է այդ որոշումը հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`
1) որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
2) որոշմամբ կատարման ենթակա գործողությունները և (կամ) այն գործողությունները, որոնց կատարումից պարտավոր անձը պետք է ձեռնպահ մնա, և դրանց կատարման համար որոշմամբ սահմանված ժամկետը,
3) որոշումն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշման համարը և որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, ամսաթիվը,
4) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և առկայության դեպքում՝ ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել էլեկտրոնային եղանակով:
6. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները հարկադիր կատարման ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում Հանձնաժողովի որոշումները չկատարելու համար սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից։
(հոդվածը 11.04.24 ՀՕ-183-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)