Հոդված 35. Ներքին աուդիտը
Հոդված 35. Ներքին աուդիտը
1. Ներքին աուդիտի ղեկավարին և անդամներին նշանակում է խորհուրդը: Ներքին աուդիտի ղեկավար և անդամ չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների կամ գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք:
2. Ներքին աուդիտը, խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝
1) անկախ գնահատական է տալիս Ընկերության ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, Ընկերության կառավարման համակարգի և գործընթացների որակի, համարժեքության և արդյունավետության վերաբերյալ.
2) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-189-Ն)
3) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:
3. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:
4. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:
5. Տարեկան ծրագիրն առնվազն պետք է ներառի՝
1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում.
2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:
6. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին (պատճենը՝ գործադիր մարմնին) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝
1) հերթական՝ տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին.
2) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ: Ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին:
7. Ներքին աուդիտի ղեկավարի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) աուդիտորական դիտարկման նկարագրությունը.
2) դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները և դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները.
3) հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման մասին ներքին աուդիտի եզրակացությունը:
8. Սույն մասով նախատեսված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
9. Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին, իսկ պատճենը` Կենտրոնական բանկին: Ներքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որևէ բացասական հետևանք կամ պարտավորություն առաջացնել:
10. Ընկերությունում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:
(35-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 25.10.17 ՀՕ-189-Ն)